Այս տարվա դեկտեմբերից չպատվաստված, բայց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի: Այդ դեպքում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է շուրջ 800 հազար դրամ արժենալ՝ ավելի կամ պակաս՝ կախված պացիենտի վիճակից:

«Ում մոտ որ հիվանդության ընթացքը թեթեւ է, նաեւ դեղորայքի օգտագործման տեսանկյունից միջամտության կարիք շատ չի լինում, եւ բուժման ծախսը 800 հազար դրամից քիչ է լինում, բայց կան քրոնիկ հիվանդություններ ունեցող բազմաթիվ հիվանդներ, որոնց մոտ բազմապրոֆիլ բուժում է կատարվում»,- պարզաբանել է ԱՆ խոսնակը:

Հասկանալի է, որ ԱՆ փորձում է շուտափույթ կերպով կյանքի կոչել վարչապետի հրամանը և պատվաստել այն ամենը, ինչ շարժվում է, իսկ ինչը չի շարժվում՝ շարժել ու պատվաստել: Եվ վաղուց արդեն էական չէ, որ այդ հրամանները կատարելու ընթացքում խախտվում են ՀՀ օրենքները և սահմանադրությունը: Դիցուք՝ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»: Փաստացի, եթե դու չունես 800 հազար դրամ քո գրպանում, հետևաբար ի վիճակի չես լինելու պահպանել առողջությունդ: Այսինքն՝ խախտվում է Սահմանադրության համապատասխան հոդվածը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:

Ի վերջո, գոյություն ունի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության' սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ. ինչպե՞ս են վարվելու այդ ցանկում ներկայացված քաղաքացիների հետ, եթե վերջիններս պատվաստված չլինելով հանդերձ՝ վարակվեն կորոնավիրուսով, նրանք բուժվելու են սեփական գրպանի՞, թե՞ պետության հաշվին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան: