Հունվարի 22-ին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց հրապարակեց՝ հոգեբուժարաններում պահվող անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ, որը բավականին խիստ գնահատականներ է պարունակում, կոնկրետ իրավախախտումների բազմաթիվ փաստեր, եւ որում «մտահոգիչ» եւ «անթույլատրելի» բառերը չափազանց հաճախ են օգտագործվում:
Դրանից հետո մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Սեւանի հոգեբուժարանի անձնակազմը սպասում է, որ նախարարությունից գալու են իրենց մոտ՝ ստուգումների: «Ասում են՝ նոր վճարովի մասնաշենք են սարքել Սեւանի հոգեբուժարանում, որտեղ օրական 6 հազար վճարելով՝ կարելի է հանձնել հիվանդներին: Ամսական ստացվում է 180 հազար դրամ, որը մարդիկ չեն կարողանա վճարել»,- հայտնում է, մասնավորապես, «Հրապարակ» կայքի աղբյուրը:
Այսինքն, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, իսկ շատ դեպքերում հենց այդպես է՝ չնայած բազմաթիվ հերքումների արդյունքում ոչ ցանկալի որոշումներ են կայացվում, ապա նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել է ևս մեկ անգամ իրեն վեր դասել Սահմանադրությունից, քանի որ հատուկ խնամք պահանջող անձանց տրամադրվող բուժօգնության դիմաց վճարը պետության պարտականությունն է, ոչ թե պացիենտինը: Իսկ թե ինչի կարող է հանգեցնել հոգեբուժարանների վճարովի հոսթելների վերածվելը' ավելորդ է անգամ հիշեցնել...