ԼՈՒՐԵՐ.com-ը վարչապետ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու վերաբերյալ ուժերի հետ բանակցությունների վերսկսման մասին հայտարարության և դրա հնարավոր արդյունքների մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:
Պարո՛ն Մանուկյան, ըստ Ձեզ, վարչապետ Փաշինյանն ի՞նչ միջոցներ կկիրառի, որպեսզի կարողանա ԱԺ ուժերին, մասնավորապես, ՀՀԿ-ին համոզել՝ ցրել ԱԺ-ն:
-Այն նույն միջոցները, որոնք օգտագործվեցին պարոն Փաշինյանին վարչապետ նշանակելու համար: Ժողովրդի կամքն ու ոգևորությունն ամենամեծ արժեքներն են և ամենաբարձր լեգիտիմություն ունեցող ուժն է, որն արդեն 4 ամիս է՝ աշխատում է:
Այսինքն՝ մարդկանց նորի՞ց կհանի փողոց:
-Դա այն ուժն է, որը և՛ պարալիզացրեց քաղաքը, և՛ քվեարկությամբ ապացուցեց, որ կանգնած է ժողովրդի կողքին, քանի որ 81%-ը շատ լուրջ թիվ է, որն ապացուցեց, որ իրապես կողմ է հեղափոխությանը:
Բայց այդ ընտրությունները տեղի են ունեցել Երևանում, կարծում եք՝ նույն պատկերը կլինի նաև մարզերո՞ւմ:
Եթե դուք դիտեք վարչապետի այցերը մարզեր՝ կտեսնեք, որ նույն ոգևորությունն է և նույնիսկ ավելի շատ: Եթե նախորդ ընտրություններին մարդկանց բերում էին ընտրության, այս անգամ մարդիկ իրենք էին եկել: Դա խիստ տարբեր է, մարդիկ արդեն մոտիվացված են և ազատ են գնում ընտրության: Խորհրդարանական ուժերն այս ամենից պետք է եզրակացություն կազմեն, որ ժողովուրդն այսօր կանգնած է հեղափոխության կողքին:
Ի վերջո, Փաշինյանի բանակցությունները դրական արդյունք կտա՞ն:
-Վստահ եմ: Հիմա այս ընտրություններից եզրակացություն կանեն ԱԺ ուժերը, թե ոչ՝ իրենց գործն է, հատկապես այն ուժերը, որոնք դեռ ուզում են մնալ խորհրդարանում: Հակառակ դեպքում, ժողովուրդն իր ճնշման մեխանիզմները կօգտագործի: Կարելի է ընդամենը եզրակացություններ անել և իրողությունների հետ հաշվի նստել, բայց ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնի և չի լինի նաև Փաշինյանի հայտարարած սահմանադրական փոփոխությունների կարիքը ևս:
Պարո՛ն Մանուկյան, նոյեմբերին լրանում է գազի մատակարարման պայմանագրի ժամկետը և տեսակետներ կան, որ ռուսական կողմը կարող է վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ոչ հօգուտ մեր երկրի, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի լարվածությունը: Այդ հանգամանքը կարո՞ղ է էականորեն կոտրել հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձևավորված հեղափոխական էյֆորիայի մթնոլորտը: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը ՝ թույլ չտալու սոցիալական բեռի ավելացումը, և առկա՞ են արդյոք դրա համար անհրաժեշտ բավարար ռեսուրսներ:
-Ես հակառակն եմ մտածում և հույս ունեմ, որ գազը կէժանանա հայաստանյան ներքին ռեսուրսների հաշվին, որովհետև այն հաշվարկները, որոնք Հայաստանում արվում էին սահմանից մինչև սպառող՝ ցույց է տվել, որ գազի գնի թանկացումը բավականին մեծ էր: Ես վստահ եմ, որ մինչև տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբ՝ գազի գնի էժանացման հնարավորություն կլինի: Մենք դա գտել ենք, մենք գազի գնի էժանացման հիմնավորումն ունենք և կարծում եմ՝ կառավարությունը կօգտվի այդ հնարավորությունից: Հունվարին մենք նորից կհանդիպենք և կտեսնենք՝ իմ ասած սցենարը կաշխատի՞, թե՝ ոչ (Ժպտում է.խմբ.):
Տեսե՛ք, շատ է խոսվում այն մասին, որ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան եկող տարի, ապա արդեն մարած կլինի հեղափոխական էյֆորիան և Փաշինյանն էլ կտապալի ընտրությունները: Դուք հորիզոնում նման բան տեսնո՞ւմ եք:
-Սա ոչ թե անգիտակից էյֆորիա էր, այլ ընդհակառակը: Այդ էյֆորիան կարող է լինել ցույցերի ժամանակ, բայց էս մարդիկ առանձին-առանձին եկել, քվեարկել են և դա արդեն ոչ թե էյֆորիա է, այլ կազմակերպման հարց: Դա ցույց տվեց վերջին քվեարկությունը: Իսկ մի քանի ամսում այդ էյֆորիան չի մարի և նույն ոգով կգնան նաև խորհրդարանական ընտրություններին: Սա գիտակցված քաղաքացիական գործընթաց էր:
Պարո՛ն Մանուկյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, և որ առաջին քայլերից մեկը լինելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցելը: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կլինեն նրա շանսերը, եթե հաշվի առնենք, որ Քոչարյաննը ունի բոլոր ռեսուրսները քաղաքական որոշ ուժերի իր կողմը տանելու համար:
-Եթե հանկարծ նա կհամարձակվի, և ես կարծում եմ, որ նա այնքան խելք ունի, որ չի անի դա, մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա կստանա -120%: ՀՀ-ում չեք գտնի մի խոհեմ մարդ, որը դրականորեն կկարողանա արտահայտվել նրա մասին:
Իսկ Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի՞ սպասվող խորհրդարանական ընտրություններին:
-Միանշանակ մասնակցելու ենք և մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում քանի որ մենք ունենք ասելիք, ունենք թիմ: Մենք նաև միակ ուժն ենք եղել, որը չի մասնակցել, բայց աջակցել է հեղափոխության ողջ գործընթացին:
Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի