Այսօր կրկին ցավալի լուր ստացանք՝ Արցախում զոհ ունենք։ Հոկտեմբերի 20-ին նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա Արամ Սիրեկանի Խաչատրյանը։ Վերջինս Վայոց ձորի Ռինդ գյուղից էր։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանն ասաց, որ Արամի դին քիչ առաջ են տարել գյուղ և ամբողջ գյուղը սգի մեջ է։

«Արամը բոլորի կողմից շատ սիրված երիտասարդ էր, ամբողջ գյուղը վշտի մեջ է։ Համերաշխ ապրող, աշխատասեր ընտանիքի երեխա էր։ Ապրում էր ծնողների, եղբոր և պապի հետ։ Նա ընտանիքի փոքր զավակն էր»,- ցավով նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում էր։

Գյուղապետը նշեց նաև՝ Արամը զորացրվելու էր 9 ամսից։

Հիշեցնենք՝ Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը եւ 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

 

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սոնա Հարությունյան