Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր, 19 տարեկան, ազգությամբ եզդի։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը ասաց, որ Սուրենը բանակ էր զորակոչվել ամիսներ առաջ, շուտով կլրանար նրա ծառայության մեկ տարին:
Նրա խոսքով՝ Սուրենը անապահով ու բազմազավակ ընտանիքի փոքր զավակն էր, ապրում էր ծնողների հետ․ «Սուրենենք երկու քույր և երեք եղբայր էին, ինքը տան կրտսերն էր։ Նրա եղբայրները ևս ծառայել են բանակում, նրանցից մեկը նույնիսկ 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։ Բնավորությամբ հանգիստ, շրջապատում ընդունված տղա էր։ Ծնողներն էլ խելոք, լավ մարդիկ են։ Սոցիալապես անապահով են, գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- ասաց Մախմուդովը։
Նա նշեց՝ Սուրենը բազմաթիվ նպատակներ ուներ, պատրաստվում էր ծառայությունից հետո շարունակել ուսումը, բարձրագույն կրթություն ստանալ, բայց չհասցրեց։
«Սուրենի համար առաջնային ու պարտադիր էր հայրենիքի առջև պարտքը կատարելը։ Նրա զոհվելու ցավը բոլորինս է՝ ամբողջ հանրապետությանը։ Սուրենը ոչ թե իր կամ ալագյազցիների համար է զոհվել, այլ՝ պետության։ Մենք խոնարհվում ենք Սուրենի նման մեծության առաջ»,- նշեց Ալագյազ համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այնուհետև ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
Սոնա Հարությունյան