Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում, մեկ տարվա ծառայող էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ որևէ նորություն չկա զինվորի մասին:
Գյուղապետի փոխանցմամբ Հակոբի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում. «Ահավոր վատ են ապրում էդ մարդիկ, սոցիալապես շատ վատ պայմաններում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հակոբի ընտանիքում բնակվում են հայրը, մայրը, Հակոբի քույրերն ու եղբայրը: 1991թ. ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում:
Իսկ սահմանը հատելու ժամանակ Հակոբը, շրջանառվող տեղեկությունների համաձայն, գնացել էր ջուր բերելու: Գյուղապետի փոխանցմամբ՝ հայրն այսօր հանդիպել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք խոստացել են ամեն ինչ անել՝ իրենց տղային վերադարձնլու համար:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, կատարվածի վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: