Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն, մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում:
Դիցուք՝ եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։
2020-ին Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած Համլետ Մանուկյանը նվիրատվություն է ստացել միանգամից 5 ավտոմեքենա՝ OPEL,TOYOTA. MITSUBISHI, VOLKSWAGEN, PORSCHE:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նույնպես ճոխ նվիրատվություններ է ստացել։ Դիցուք' Էլբեկ Երեմի Քյարամյանը՝ գրանցված Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 2016 թվականի հունվարի 29-ին նոտարական վավերացմամբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր է կնքել Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ՝ նրան նվիրաբերելով կամ անհատույց սեփականության հանձնելով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը՝ հողամասով եւ շինությունով ամբողջությամբ։
Խիստ ուշագրավ է նաև նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:
Երևանի նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում նշել է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ: Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով:
Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:
Ինչ խոսք, ուշագրավ է, թե ինչու այս նվիրատվությունները այսպես էլ չդարձան ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության առարկա: