Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում՝ կապված մեկ անձից կատարած գնումների հետ: Երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ է այն դեպքը, երբ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք բերվեցին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Առաջնային հանգամանքն այն էր, որ 9 մեքենաների՝ 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է, և սկսել է կրել պարբերական բնույթ: Նույն բանը՝ մեկ անձից գնում կատարելու ճանապարհով էլ քաղաքապետարանը գնել էր տոնածառը:
 
Իհարկե, այստեղ առկա է կոռուպցիոն ռիսկ, սակայն բանն այն է, որ նման ռիսկը առկա է ոչ միայն Երևանի քաղաքապետարանում, այլ նաև պետական կառավարման մյուս բոլոր օղակներում՝ գուցե շատ ավելի մեծ ծավալներով, քան կարող է թվալ առաջին հայացքից: Օրինակ՝ վերջին նմանօրինակ դեպքերից կարելի է առանձնացնել հետևյալները: Լոռու մարզպետարանը շուրջ 165 հազարի գրասենյակային գույք է գնել «Ոփյան Եղբայրներ» ՍՊԸ–ից, ԿԳՄՍ-ն 28,243,500–ի դասագիրք է գնել «ՍՊԻԿԱ» ՍՊԸ-ից, վարչապետի աշխատակազմը 2,250,000 հազար դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր է կնքել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ–ի հետ, քաղաքացի Կարեն Ռաժդենի Հովհաննիսյանի հետ նույնանման պայմանագիր է կնքվել 2,250,000 դրամի չափով, 8,137,500 հազար դրամի չափով էլ Քաղաքացու օրվան  նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման համար պայմանագիր է կնքվել ԱՁ Ալեքսանդր Մհերյանի հետ, 8,197,500 հազար դրամի պայմանագիր Մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների դիմաց՝ Ա/Ձ Արտյոմ Զաքարյանից: ՀՀ ԿԱ ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը 352,555 դրամի դեղորայքի գնման պայմանագիր է կնքել «Ֆետիդա Ֆարմ» ՍՊԸ-ի հետ: ՀՀ Ազգային ժողովը 857,960 հազարի հագուստի գնման պայմանագիր է կնքել «ԷԼԱԱՄՈԴԱ» ՍՊԸ-ի հետ:
 
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք ի ցույց են դնում նմանատիպ կոռուպցիոն ռիսկերի առկայությունը պետական կառավարման ողջ համակարգում: Որևէ մեկը, իհարկե, չի պնդում, որ վերը նշված դեպքերում առկա է կոռուպցիա. սրանք ընդամենը օրինակներ են, թե ինչպես են գերատեսչությունները միլիոններ տալիս փաստացի մեկ անձի կամ մեկ ընկերության՝ վերջինիցս ծառայություն գնելով. այս պարագայում չկա մրցակցություն և տնտեսվարողների մոտ էլ չկա առավել ցածր գումարով այդ ծառայությունը առաջարկելու հնարավորություն: Բացի, չի բացառվում, որ տվյալ դեպքում գործի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, և այդ մեկ անձը շատ «պատահական» կերպով ինչ-ինչ կապեր ունենա այս կամ այն չինովնիկի հետ...