Պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին մշտապես է բարձրաձայնվել։ Հատկապես առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգը համարվում է խնդրահարույց։ Գնման այս ձևը թեև օրինական է, սակայն մասնագետների կարծիքով՝ մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Պետական մարմինները, սակայն, ոչ միայն չեն հրաժարվում մեկ անձից գնումներից, այլ շարունակում են այդ ընթացակարգի չհիմնավորված կիրառումը։ Քննադատությունների կենտրոնում հաճախ հայտնվում է Երևանի քաղաքապետարանը: Քաղաքային ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանություններին մեղադրում են «սիրելի» մատակարարներ ունենալու մեջ:
Այս ամենին ֆոնին, կառավարության որոշմամբ, թույլ է տրվում մշակութային միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2019-ին մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 130 պայմանագիր, ևս 2 պայմանագիր կնքվել է հրատապ մեկ անձից ընթացակարգով: Սա քաղաքապետարանի՝ նախորդ տարի կնքած 805 պայմանագրերի մոտ 16 տոկոսն է: Համաձայն Armeps-ի՝ մեկ անձից գնման ընթացակարգով կնքված պայմանագրերից ամենաթանկարժեք պայմանագիրը՝ շուրջ 138 միլիոն դրամ, կնքվել է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ՝ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար։ Այս կազմակերպությունը, կրկին առանց մրցույթի, ստացել էր Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու պատվերը: Երևանի քաղաքապետարանը 2018-2019 թթ. «Ֆակտորի փրոդաքշնի» հետ կնքել է շուրջ 162 միլիոն դրամի 4 պայմանագիր: Քաղաքապետարանն այս ընկերությանն է պատվիրել նաև 2018-ին Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերի վառման արարողությունը կազմակերպելու, «Երևանյան ամառ 2019», «Էրեբունի-Երևան 2800» միջոցառումները և այլն: Ընկերությունը պատկանում է Վազգեն Պետրոսյանին և Ռուդիկ Տեր-Գալստյանին։ Վերջիններս նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում և Հանրային հեռուստաընկերությունում և քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերներն են:
Առկա է նաև որոշակի միտում՝ գնումները կատարել նապկին իշխանությունների հետ փոխկապակցված ընկերություններից: Դիցուք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շուրջ 2.5 միլիոն դրամի գրենական պիտույք է գնել Կարանդաշ ՍՊԸ-ից, որը պատկանում է նախկին պատգամավոր Հրանտ Բեգլարյանին: 2018թ ապրիլի 25-ից 2019թ. հունիս ընկած ժամանակահատվածում 19,3 մլն դրամի գնում է արել վարչապետի աշխատակազմը։ Նույն ժամանակահատվածում ընկերության հետ 1,9 մլն դրամի պայմանագիր է կնքել նաև նախագահի աշխատակազմը։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագրեր է կնքել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ՝ պարտավորվելով կատարել թերթերում տպագրման ծառայության մատուցումը (19.03.2019թ․)։ Այս ամենն իրականացվել է առանց գնում հայտարարելու, և ծառայության մատուցումը տրվել է հայտնի խմբագրությանը։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ՝ պարտավորվելով ստանձնել պետական կարիքների համար թերթերում տպագրության իրականացումը (19.08.2019թ․)։ Այս անգամ էլ՝ գնումն իրականացվել է մեկ անձից՝ առանց մրցույթի հայտարարման և կրկին՝ բավականին պատկառելի գումարի դիմաց։ ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի հետ ՀԱԿ-ում թիմակից է եղել Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, որը նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր:
Առողջապահության նախարարությունը 6465400, 46325900, 1798200, 1999800 և 1896790 մլն դրամի ծառայություններ է գնել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող Սլավմեդ բժշկական կենտրոնից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն 20722800 և 20722800 մլն դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր է կնքել Հանարդնախագիծ ԲԲԸ-ի հետ, որի սեփականատերը հանդիսանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն իր հերթին նախընտրում է ապահովագրական ծառայությունների գնում կատարել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող Ինգո Արմենիայից: 2019 թվականին այս ընկերության հետ կնքվել է 2 միլիոն դրամի պայմանագիր՝ մեկ անձից գնման ընթացակարգով
Ինչպես տեսնում ենք, առկա է ոչ միայն կոռուպցիոն ռիսկ, քանի որ հեղափոխական պաշտոնյաների գլխավորած գերատեսչությունները նախընտրում են գնում կատարել հենց նախկին՝ իրենց իսկ կողմից թալանչի պիտակավորված անձանց ընկերություններից, այլ մի բան էլ՝ այդ գնումները արվում են առանց մրցույթային կարգի, ասել է թե՝ որոշակի պայմանավորվածության և բիզնես շահերի լոբբինգի արդյունքում…