ՀՀ ընկերություններն ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ պետական և մունիցիպալ մակարդակներում գնումների գործընթացներին։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Ազգային «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը։
«Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական և մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չեն ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից»,-ասաց Ավանեսյանը:
Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ վերոնշյալ կանոնների համաձայն՝ բանկը վերջին 6 ամիսների ընթացքում չպետք է ունենա անվճարունակություն և ֆինանսական առողջացման որևէ գործընթաց, պետք է համապատասխանի այդ երկրի կանոններով սահմանված ռեյտինգային ինչ-որ մակարդակի:
«Բանկի ընդհանուր կապիտալը պետք է 60 մլն ԱՄՆ դոլարից ավելի լինի, իսկ բանկի կապիտալի համարժեքության նորմատիպը պետք է լինի առնվազն 12,5 տոկոս: Ներդրվում է բանկերի սև ցուցակի գաղափար. եթե վերջին 12 ամսվա ընթացքում բանկի նկատմամբ առկա է դատական գործ, որով վերջինս հրաժարվել է վճարել երաշխիքը կամ մասնակի է վճարել, ապա հայտնվում է սև ցուցակում: Այնուհետև այդ դատական վճռի կայացումից հետո 12 ամսվա ընթացքում, եթե վճռվի, որ երաշխիքը չվճարելու կամ պարտավորությունը մասնակի կատարելու իրավունք չուներ, ապա այդ բանկի երաշխիքներն այլևս չեն ընդունվում:
Բոլոր բանկերն այս պահանջներին բավարարում են, և համաձայնագրի վավերացման արդյունքում ՀՀ ընկերություններն ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ պետական և մունիցիպալ մակարդակներում գնումների գործընթացներին»,-փաստեց փոխնախարարը:
Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: