«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը սահմանում է, որ վարչապետի որոշմամբ պաշտոնատար այլ անձանց կարող են տրամադրվել ծառայողական առանձնատներ Երեւանում՝ համապատասխան սպասարկումով: Այն անձինք, որոնք դիմում են՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, կարող են վարչապետի որոշմամբ ստանալ ծառայողական առանձնատուն: Սա փորձագետների համոզմամբ՝ ևս մեկ քայլ է դեպի սուպերվարչապետություն: Իհարկե, այստեղ ուշադրության արժանի են կոռուպցիոն ռիսկերը, որոնք միանշանակ չի կարելի բացառել՝ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը և այն պարզ ճշմարտությունը, որ կոռուպցիան թղթաբանության և օրենքների հետ զանազան աճպարարությունների միջոցով արմատախիլ անելն ընդամենը պատրանք է:

Նախ՝ պաշտոնյա հասկացությունն անչափ լայն է. ներկայացված օրենքի նախագծում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ շրջանակ է այն ներառում, ինչ չափանիշներով են ընտրվելու այդ պաշտոնյաները, կամ՝ մատուցած որ ծառայությունների դիմաց է նրանց տրվելու այդ արտոնությունը: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Երևանում բնակարանի վարձակալության համար պետությունից գումար ստացող պատգամավորների շուրջ սկանդալը: Ըստ օրենսդրության՝ այն պատգամավորները, ովքեր մարզերից են ընտրված, իրավունք ունեն պետությունից ստանալ բնակարանի վարձի փոխհատուցում՝ մինչև 100 000 դրամ: Սկանդալը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ տեղեկություններ շրջանառվեցին, որ վարձի փոխհատուցում են ստանում մեծահարուստ պատգամավորները: Դժվար է ենթադրել, որ մեր պաշտոնյաների իրավագիտակցությունն այս կարճ ժամանակահատվածում բարձրացել է այն աստիճան, որ այժմ էլ յուղոտ պատառի համար չեն դիմի վարչապետին: Ի դեպ, հետաքրքիր է, թե այս դեպքում միջազգային որ փորձին են հղում անելու իշխանությունները:

Բանն այն է, որ անգամ գերխորհրդարանական կառավարում ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան՝ վարչապետը կարող է նման որոշում կայացնել միայն այն դեպքում, եթե լինի կոլլեգիալ մարմնի համաձայնությունը: Դա կարող է լինել էթիկայի հանձնաժողովը կամ վարչապետին կից ստեղծված հատուկ խորհուրդը: Տվյալ մարմինը քննում է յուրաքանչյուր առանձին դեպք: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում որևէ հանձնաժողով կարող է հակադարձել վարչապետին՝ եթե նա որոշի, որ տվյալ բարձրաստիճան պաշտոնյային անհապաղ ծառայողական առանձնատուն է անհրաժեշտ: Արդյո՞ք օրենքի նոր նախագծում հաշվի են առնվել այս նրբությունները, որոնք իրականում կոռուպցիոն անվերահսկելի ռիսկեր են…

 

Ստելլա Խաչատրյան