Այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված էր «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակներում անմիջապես արտադրողից և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելու հարցը։

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը 2018 թվականի օգոստոսի 1-ն է, և այդ ժամկետից յուրաքնչյուր օր ուշացումը կարող է էներգահամակարգին լուրջ դրամական վնասներ հասցնել։

 

«Վերանորոգումների ընթացքում ի հայտ են եկել չնախատեսված իրավիճակներ, անկանխատեսելի գնումներ, որոնց կատարումը կհետաձգի ատոմակայանի շահագործումը»,-ասաց Գրիգորյանը, որին հետևեց Վարչապետ Փաշինյանի հարցը՝ արդյոք այդ ապրանքներն արդեն գնվել են և մնում է միայն կառավարության որոշումն օրինականացնելու համար։

 

Նախարար Գրիգորյանը հաստատեց, որ կան ապրանքների պայմանագրեր, որոնց ձեռքբերումն անհրաժեշտություն է եղել ժամկետների մեջ վերանորոգման աշխատանքները հասցնելու համար։ Վարչապետն ասաց, որ որոշումը կկայացնի միայն ապրանքների ցանկը նայելուց հետո։