Բաքվի կողմից Արցախի ապառազմականացման պահանջի առաջին քայլը ՀՀ իշխանությունն արել է՝ 2021-ից դադարեցրել է զորակոչը դեպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։ Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև՝ ռազմականացված մյուս կառույցները։
Այս համոզմանն է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ի այն հարցին, թե ինչպե՞ս դիմակայել այս ու այլ իրողություններից բխող սպառնալիքներին, մեր զրուցակիցն ասաց․
«Ցավոք, պետք է արձանագրել, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում եկած քաղաքական իշխանությունը երկիրը բերել, հասցրել է մի իրավիճակի, երբ Հայաստանը իր մանևրի, ճկունության հնարավորությունն ամբողջապես սպառել է։ Ավելի՛ն, ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպաստում են Արցախի պաշտպանական բանակի ապառազմականացմանը, և իրենց հայտարարություններով նպաստում են ադրբեջանական այդ պահանջի իրագործմանը»։
Նրա պնդմամբ, նման երևույթներին կանխելու գործընթաց չի կարող լինել, քանի դեռ կա պայքարի գլխավոր խոչընդոտը՝ այս իշխանությունները, որոնց հեռացումից հետո միայն հնարավոր կլինի որոշակի արդյունք ակնկալել։
Անդրադառնալով սեպտեմբերի 15-ից ՀՀ-ում պահեստազորայինների եռամսյա զորահավաք անցկանցնելու մասին կառավարության այսօրվա որոշմանը, Աբրահամյանը նկատեց, որ հավաքները ԶՈւ մարտական պատրաստվածության կարևոր բաղադրիչն են կազմում․
«Բայց փաստ է, որ դրանք այս իշխանության օրոք իրենց տրամաբանությանը չեն համապատասխանում։ Գլխավոր խնդիրը պետք է դառնա պահեստազորում գտնվողների գիտելիքների ավելացումը, մարտական պատրաստվածության բարելավումը, ուսումնական պրոցեսի ապահովումը և այլն, սակայն այս իշխանության պարագայում դրանք որպես «պատժիչ հավաքներ» են հայտարարվել»։
Նա հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ և պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը (Անդրանիկ Քոչարյան - խմբ․) դեռևս երկու ամիս առաջ հորդորում էր այդ հավաքներին ուղարկել քաղաքական ակտիվություն ունեցող քաղաքացիներին։
Պարզ է, որ այս պայմաններում հավաքների բուն էությունն ու բովանդակությունը աղճատվում է, ընդգծեց ընդդիմադիր գործիչը։
Զրուցեց՝ Արա Ալոյանը