AntiFake.am-ը հարցումներ է ուղարկել պետական տարբեր մարմիններին 2019 թվականին կառույցներում հատկացված պարգևավճարների չափի և քանակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

Նույնաբնույթ հարցում AntiFake.am-ը ուղարկել է նաև ՀՀ Ազգային ժողովին։ Հարցումն ուղարկվել է 2020 թվականի հունվարի 14-ին։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի՝  հունվարի 17-ի պատասխանից պարզ է դառնում, որ 2019 թվականին Ազգային ժողովում հատկացված պարգևավճարների չափը կազմել է 899.626.652 դրամ, որը համարժեք է շուրջ 1.9 միլիոն դոլարին։ Պարգևավճարներ հատկացվել են 13 անգամ։

«Պարգևավճարները հատկացվել են 2 ֆոնդերից.

1. «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»` 817,785,700 դրամ։ Այս ֆոնդից պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի բոլոր աշխատակիցները և պատգամավորները, աշխատակազմի աշխատակիցները։ Պարգևատրումները հատկացվել են 11 անգամ, որի փաստացի ծախսը կազմել է 815.981.352 դրամ։

2. «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 83.645.300 դրամ։ Այս ֆոնդից պարգևատրվել են ՀՀ ԱԺ պետական ծառայող հանդիսացող աշխատակիցները՝ 2 անգամ՝ կիսամյակային կտրվածքով։

Բոլոր պարգևատրումները հաշվարկվել և վճարվել են ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունների հիման վրա»,- նշված է հարցման պատասխանում։

Նշենք սակայն, որ մեկ այլ լրատվականի՝ Irakanum.am-ի Ազգային ժողովին հասցեագրված նույնաբնույթ հարցմանն ի պատասխան, որը լրատվականն ուղարկել է դեռևս 2019 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ պատասխանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից ստացվել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին՝ նշվում է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները և պատգամավորները հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պարգևատրվել են 14 անգամ, ընդհանուր գումարը կազմել է 908.367.199 դրամ։

Ինչպես տեսնում ենք, Ազգային ժողովի աշխատակազմը 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար հարցմանն ի պատասխան՝ տրամադրել է պարգևավճարների ավելի մեծ գումար (908.367.199 դրամ), իսկ հունվար-դեկտեմբեր ամիսների համար 8.740.547 դրամով պակաս գումար՝ 899.626.652 դրամ։ Բացի այդ, ըստ ԱԺ աշխատակազմի՝ հունվար-նոյեմբեր ամսիներին պարգևավճարներ հատկացվել են 14 անգամ, իսկ հունվար-դեկտեմբերին՝ 13 անգամ։

Նկատենք, որ միայն դեկտեմբերին՝ Irakanum.am-ի հարցման պատասխանը տրամադրելուց հետո, ՀՀ Ազգային ժողովում ևս 4 անգամ պարգևավճարներ են հատկացվել. 2 անգամ աշխատավարձի 100 տոկոսի չափով, 1 անգամ 20 և 1 անգամ էլ 30 տոկոսի չափով։

Այսինքն՝ մեր հաշվարկով՝ ԱԺ-ում 2019 թվականի պարգևավճարների քանակը պետք է լինի 18, իսկ ամբողջ 2019 թվականի պարգևատրումների ընդհանուր գումարը պետք է լինի նոյեմբերին հրապարակված գումարից մի քանի միլիոն դրամով ավելի։

Նշենք, որ միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստացել էր շուրջ 3 միլիոն դրամի չափով պարգևավճար։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ գործ ունենք կա՛մ  ԱԺ աշխատակազմի հերթական փնթի աշխատանքի հետ, կա՛մ էլ, որն ավելի հավանական է, աշխատակազմը միտումնավոր փորձ է կատարել հանրությանը ներկայացնել պարգևավճարների ընդհանուր գումարի ավելի փոքր  չափ, ինչը ՀՀ Կառավարությունում գաղտնի կերպով աշխատավարձերի բարձրացումից և գաղտնի ընթացակարգով պարգևավճարների տրամադրումից հետո միանգամայն օրինաչափ է նաև Ազգային ժողովի պարագայում։

AntiFake.am-ը հերթական անգամ դիմել է Ազգային ժողովին 2019 թվականի պարգևավճարների ընդհանուր չափը ճշգրտելու և առկա հակասությունների կապակցությամբ պարզաբանում ստանալու համար։

AntiFake.am-ի և Irakanum.am-ի հարցումների պատասխանները՝ ստորև։

antifake.am