Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ համակ ուշադրությամբ հետևում եք այս պրոցեսին, քանի որ այս ողջ պրոցեսի հանրային վերահսկողությունն ինձ համար շատ կարևոր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
«Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության և այսօր իմ տանն է քննչական գործողություն կատարվել, իմ խնդրանքը եղել է այն, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու, ցավոք սրտի, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով, ինչ ասեց, ոնց ասեց, ինչու ասեց՝ չի լինելու և ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունները, որպեսզի թե′ հարցաքննությունները և թե′ այսօրվա իմ տան խուզարկությունը չձայնագրվի»,-ասաց Թովմասյանը։
ՍԴ նախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօրվա Հայաստանում ՍԴ-ի և իր շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն, իրոք, խորքային են․ «Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից, որպես ՍԴ նախագահ և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, շատ ակնհայտ և դրա մասին, այլևս, իմ ասելով չի, որ ոչ միայն մեր հանրությունը, այլև միջազգային հանրությունը տեղյակ է։ Այս պարագայում իմ խնդիրն ինձ համար երկրորդական է, ավելի կարևոր է իմ երկրի հեղինակությունը»,-ասաց Թովմասյանը։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ խոսե՞լ է այս գործընթացների մասին՝ Թովմասյանը նշեց․ «Չեմ խոսել, միտք էլ չունեմ խոսելու»։
Հիշեցնենք, որ այսօր Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել։