«Պարոն վարչապետն ամեն ինչ անլրջացրել է, հավասարեցրել խոզի բդի, հնդուշկի, զուգարանների, բլինչիկների կամ ճտիկով գրիչի մակարդակին: Անլուրջ եմ համարում խոսել որևէ փաստարկից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Հակահարված կտամ գրիչով, էս, էն... որ տենց լինի՝ ասուլիսի ժամանակ ես եմ ձեզ գրիչ տվել, դուք ինձ, ո՞րս ա շողոքորթել: Փաշինյանն էլ իմ սենյակում սուրճ է խմել, հիմա ինչ, շողոքորթե՞լ եմ իրեն. անլուրջ ա, հասկանո՞ւմ եք»:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի՝ իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը, նշեց. «Երկրորդում եմ Վանեցյանի ասածը, որ ոչ թե պետք է նոր վարչապետ ընտրվի, այլ պետք է Կառավարությունը հրաժարական տա և արտահերթ ընտրություններ լինեն։ Պարոն Վանեցյանն ասում է՝ «Իմ քայլը» խմբակցության ներսից, ո՛չ «Իմ քայլն» ի վիճակի չէ վարչապետացու տալ»։