Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»:
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ:
«Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա և այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ՝ նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,- ասված է հայտարարությունում:
Միաժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնում երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։
«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշում են համազեկուցողները։
Համազեկուցողները կոչ են անում կողմերին մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։