ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը: Այս մասին Բադասյանն ասաց հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարևոր է: Կառավարությունում ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները: Ես էլ եմ կարծում, որ ի վերջո Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,- ասաց Բադասյանը:

 

Հոկտեմբերի 29-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Բուքիքիոն կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այդ անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը: