«Վենետիկի հանձնաժողովի արձագանքը դատարանները փակելու կոչին իրավական առումով ընդունելի է, չեմ կարծում՝ որևէ մեկը ողջունել է դա։ Այն քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը հակաօրինական տարրեր էր պարունակում։ Վենետիկի հանձնաժողովը խնդիր է տեսել, որը կարծում եմ հաշվի կառնեն և այլևս նման բան չեն անի»,- աս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, ըստ որի՝ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար:

Նրա խոսքով՝ միանշանակ անհրաժեշտ են բարեփոխումներ, սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում վեթինգ ասելով․ «Պետք է հասկանալ, թե Վենետիկի հանձնաժողովը վեթինգ ասելով որ երկրի մոդելն է հասկանում։ Կան դատավորներ, որոնք չպետք է աշխատեն, որովհետև դա իրենց տեղը չէ, պրոֆեսիոնալներ չեն, այլ՝ սրա-նրա բարեկամները։ Դրա համար բավական է դատավորների ընդամենը մեկ տարվա գործերն ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե նա ինչ է շնչում, նրա մասնագիտական գիտելիքները, կոռուպցիոն ձգտումները։ Ես կարծում եմ, որ մարդիկ փոխելով բան դուրս չի գա, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, պետք է սկսել օրենքներից, որոնք խայտառակ վատն են։ Ընթացքից ես գոհ չեմ, որովհետև կարելի է ասել ոչինչ չի արվել մինչ օրս, հակառակը` ճգնաժամային իրավիճակներ են եղել տարբեր կառույցներում, իսկ իմ սպասելիքները շատ ավելին էր հեղափոխությունից»,- նշեց նա։

 Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը մտահոգիչ է, Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը ողջամիտ չէ, և Սահմանադրական դատարանի գործող կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հստակ և աներկբա է: Խոսելով Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշմանը՝ Օհանյանը նկատեց․ «Եթե Վենետիկյան հանձնաժողովը գտնում է՝ որևէ խնդիր չկա` ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե, այսինքն սահմանադրության մեջ հակասություն կա՝ դատավորը անդամ է, անդամը՝ դատավոր, բնականաբար Վահե Գրիգորյանի դիրքորոշմանը պիտի բացասական գնահատական տա, որպեսզի իր ասածը հիմնավորի»,- ասաց նախկին դատավորը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի անդրադարձին՝ 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ Օհանյանը կարծիք հայտնեց որ Վենետիկի հանձնաժողովն իրավասու չէ նման գնահատական տալ, որովհետև այն Եվրոպական հանձնաժողով չէ, որ գնահատական տա իրավունքներ խախտվել են, թե ոչ։ 

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է նաև, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ 

«Նախ պետք է ապացուցվի դրանք պատճառահետևանքային կապ ունեն դրանք միմյանց հետ, թե ոչ, և երկրորդ` արդյոք Վենետիկի հանձնաժողովն իրավունքն ունի նման հայտարարություններ անել, թե ոչ։ Մենք հեղափոխական երկիր ենք և նման հակասություններ կարող են լինել։ Օրինակ՝ եթե վիրաբույժը վիրահատություն է անում, բնականաբար էլ չի խորհրդակցի ատամնաբույժի հետ, նույնն էլ հեղափոխության դեպքում է»,- եզրափակեց Պարգև Օհանյանը: