Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, այն մասին, որ ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհանի քաղաքից տարհանվել է ՀՀ երկու քաղաքացի։ Նույն նահանգից ՀՀ ևս 8 քաղաքացի հրաժարվել է տարհանվելուց։
«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկանցնում ենք, որ փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պայմաններում իրականացվել է ՀՀ երկու քաղաքացու տարհանում (էվակուացիա) ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Նույն նահանգում մնացած ևս 8 ՀՀ քաղաքացի հրաժարվել են տարհանվելուց՝ տեղում իրենց առավել ապահով զգալու պատճառաբանությամբ։
Օտարերկրյա քաղաքացիները Չինաստանից մեկնելու ցանկության դեպքում օգտվում են գործող կանոնավոր չվերթներից։ Այն ՀՀ քաղաքացիները, որոնք կցանկանան մեկնել Չինաստանից ՌԴ օդային տարածքով, կարող են օգտվել հետեւյալ կանոնավոր չվերթներից. Պեկին-Մոսկվա-Երեւան, Շանհայ-Մոսկվա-Երեւան, Գուանգճոու-Մոսկվա-Երեւան, Հոնգկոնգ-Մոսկվա-Երեւան ուղղություններով (իրականացվում են Aeroflot, Air China, China Eastern եւ այլ ավիաընկերությունների կողմից, ավիատոմսերը առկա են ազատ վաճառքում):
Միաժամանակ դիտարկվում է Հայաստանից հնարավոր կոմերցիոն (վճարովի հիմունքներով) չարթերային չվերթի իրականացման հնարավորությունը։ Դրա հնարավոր իրականացման պահանջարկի եւ նպատակահարմարության նախնական գնահատման համար, խնդրում ենք ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը տեղեկացնել նման չվերթից օգտվելու Ձեր ցանկության մասին՝ նշելով անուն, ազգանուն, գտնվելու վայր։
Տեղեկատվությունը անհրաժեշտ է ուղարկել դեսպանության' [email protected] էլեկտրոնային փոստին մինչեւ փետրվարի 7-ի երեկոյան։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ողջամիտ քանակի ուղեւորներ հավաքվելու պարագայում չվերթը հնարավոր կլինի կազմակերպել, ամենայն հավանականությամբ՝ Պեկինից, ուստի Ձեզ անհրաժեշտ է հաշվի առնել գտնվելու վայրից Պեկին ինքնուրույն տեղափոխվելու տարբերակները։
6STOPPED
Միեւնույն ժամանակ խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ հյուպատոսական աջակցության կարիք, այդ մասին հատուկ նշել դեսպանություն ուղարկվելիք նամակում։
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է հետեւել իրավիճակին, իր իրավասությունների շրջանակներում ցուցաբերել տարաբնույթ իրավական, հյուպատոսական, տեղեկատվական, խորհրդատվական եւ այլ օժանդակություն»,- ասված է ՀՀ դեսպանության հայտարարությունում։