Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անցնող շաբաթվա ընթացքում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի Հայ Օգնության Միության և ՀԱԵ Արևմտյան ԱՄՆ-ի թեմի Հայոց Առաջնորդարանի ներկայացուցիչների հետ, այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առանձին հանդիպումներ էր ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:
Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Թոփալյանի և կազմակերպության տեղի կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփված շիրիմներին, նույն օրը ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրյան» Կոմիտեության անդամների հետ քննարկել մի շարք հարցեր:
ԳՄ ներկայացուցիչը հունվարի 28-ին այցելել էր նաև Էնսինոյի Ֆերահյան Ազգային վարժարան, սահմանված օրակարգով հանդիպել Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հյուրընկալվել Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի առօրյային: