Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին` խրամատների մոտ։ Այս մասին NEWS.am-ին պատմել է ձնահյուսի տակ մնացած չորս զինծառայողներից միակ ողջ մնացած պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանը։

Նշենք, որ Համլետ Միրզոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ասում է՝ իրեն արդեն լավ է զգում.

 
 

«Ամբողջ մարմինս ճմռած է եղել։ Ինչքան էլ պատմեմ, թե ինչ եմ զգացել, կամ այդ պահին ինչ եմ արել, չեք պատկերացնի»։

 
 
 
 

Նա պատմել է, որ իրենք մնացել են ձյան շատ հաստ շերտի տակ և չեն կարողացել դուրս գալ.

 

«Դիրքերից զորամաս էինք իջնում։ Ձնահյուսը վերևից չի թափվել, այլ մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ու մենք ընկանք մեջը։ Ինչքան գոռում էինք՝ արձագանք չկար, արդեն հույս կորցրել էի, ու մեզ գտան։ Իմ գոռոցներից ինձ գտան։ Շատ խորն էր ձյան շերտը, չէինք կարողանում բարձրանալ»։