Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որի քննարկումը շարունակվում է փետրվարի 11-ի դատական նիստում:
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, ընդգծել էր, որ 2008 թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Արամ Օրբելյանի խոսքով՝ խախտվել է և շարունակում է խախտվել Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Օրբելյանը խնդրել էր դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը:
Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: