Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) երեկ հայտարարություն տարածեց, որ 2019 թ․ ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտահարկ։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԵԿ-ն անհանգստացած է, որ ֆիզիկական անձանց մեծ մասը, որոնք մեկ-երկու տրանսպորտային միջոց են ձեռքբերել, դիմել են դատարան, և դրանց թիվն այնքան շատ է, որ ՊԵԿ-ի համար անհանգստացնող գործոն է դարձել, ուստի հայտարարություն է տարածում, որ կանխի դատական գործերի քանակի ավելացումը։
«Այստեղ կա օրենսդրական լուրջ հակասություն․ քաղաքացիական օրենսգիրքը, որը կարգավորում է գույքային հարաբերությունները, հստակ ասում է՝ ինչն է հանդիսանում ձեռնարկատիրական գործունեություն։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձի ինքնուրույն իրականացվող գործունեությունը, որի նպատակն է ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալը։ Հիմա շարքային մարդիկ, որոնք բացարձակ շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել, ընդամենը ցանկացել են օգտվել ԵԱՏՄ տված արտոնությունից և նոր մեքենա ձեռքբերել սեփական կարիքներին օգտագործելու համար, կանգնել են փաստի առաջ։ Հնարավոր է՝ մեքենան բերելուց հետո ինչ-որ բան դուր չի եկել տվյալ մարդուն և նա որոշել է վաճառել այն, սրանով համարել, որ վերջիններս համարվում են անհատ ձեռնարկատեր և գանձել ետամտահարկ՝ հակասում է քաղաքացիական օրենսգրքին։ Երբ մենք՝ որպես շահերի ներկայացուցիչ, դատարանում հանդես գանք 10-յակից ավելի գործերով, կներկայացնենք մի դատական ակտ, որը կդառնա նախադեպային ուժ, որ եթե նույնիսկ մեկ գործով կա մեկ տնտեսական շրջանառություն, ապա դա ձեռնարկատիրական գործունեություն համարվել չի կարող»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ձեռնարկատերերը լինում են՝ պետռեգիստրում գրանցված և հարկային օրենսգրքի 147 հոդվածի ուժով մեկ տրանսպորտային միջոցի օտարման փաստով ձեռնարկատեր համարվող․ «Պետռեգիստրում գրացնված անձինք. մուծելով հարկեր, ակնկալում են սոցիալական կուտակային կենսաթոշակայինից իրավաչափ օգտվելու ակնկալիք։ Մինչդեռ հարկային օրենսգրքի ուժով ձեռնարկատեր ճանաչված ֆիզիական անձանց իրավաչափ ակնկալիքները փոշիացրել է ՊԵԿ-ը։ Այսինքն՝ ազգի մեծամասնությանը ներքաշելով ավտոներկրման պրոցեսի մեջ՝ վերջիններս ունեն հանցավոր ակնկալիքներ այդ անձանցից գանձել 10-20 դրամի չափով եկամտահարկեր։ Պետական այն ռեսուրսները, որը ծախսվելու է այդ գումարները գանձելու վրա, գրեթե 40 % եկամտաբերություն են ապահովելու հարկերից, մինչդեռ մեր պետությունը, մասնավորապես ՊԵԿ-ի գլխավորությամբ, ասում են՝ մեզ հետաքրքիր չէ, թող մարդիկ նույնիսկ գնան նստեն։ Այսինքն՝ իրենք չեն պատկերացնում, որ սա հետագայում իր բացասական հետևանքներն է բերելու մեր ազգին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ դրա հետևանքով գրեթե չի լինելու մեկ մարդ, ով վարչական պատասխանատվության ենթարկված չլինի։
Նախքան այս հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ըստ Հովհաննիսյանի, մարդիկ ձեռք էին բերում և օտարում էին մեքենա, որևէ եկամտահարկի մասին խոսք չկար․ «Այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ի օրոք նախագծված նորմատիվ իրավական ակտը շրջանառության մեջ դրվեց և իբրև թե հեղափոխական իշխանության օրոք սկսեց կիրառվել։ Ներկայիս իշխանությունները նախորդների ծրագրավորված շարունակությունն իրականացնողներն են»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։
Սոնա Հարությունյան