«Գործը, որքանով տեղյակ եմ, սուտ մատնությունն է, կապված է հայտնի իկռաների գործի հետ, ես՝ որպես իրավաբան, գնահատում եմ անհեթեթ: Եթե կարդաք այդ ֆեյսբուքյան գրառումը, ապա կտեսնեք, որ այնտեղ չկա որևէ սուտ մատնություն և որևէ հանցագործության մեջ որևէ անձ չի մատնվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ անգամ Նարեկ Սամսոնյանի՝ ՀՔԾ-ում գտնվելու ժամանակ քննիչն ասել է, որ դատելու է նրան. «Դա նշանակում է, որ քննիչն արդեն գիտեր՝ ինչ է լինելու: Այն քրգործը, որը հարուցել էին, ձևական բնույթ էր կրում, նպատակ ունեին արագ ավարտել, որ հնարավորություն ունենային մեկ այլ հիմար քրեական գործ հարուցեին և մեղադրանք առաջադրեին Նարեկ Սամսոնյանին: Այս գործերը կարելի է որակել հիբրիդային քրեական գործեր»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքը հիմքեր չունի կալանավորելու կամ ձերբակալելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հանրությանը տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի ընտանիքը 1 կիլոգրամը 3.000 դոլարով իկռա է գնում, ինչպես նաև մանրամասներ էր հայտնել իր աղբյուրին հղում անելով։