Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Աննա Վանյանը՝ նշելով, որ փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով, այգում անկած երկսապատ ուղտերից մեկից վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

 

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաև այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում՝ հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել»,- ասաց Վանյանը:

Նա նշեց նաև, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ․ «Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլոզի դեպք չի հայտնաբերվել»,- նշեց նա:

 

Նրա խոսքով՝ թեև դեռ օրը հստակեցված չէ, սակայն առաջիկա օրերին կենդանաբանական այգին կսկսի գործել։

 
 

ՍԱՏՄ-ից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճակատագրի է արժանացել անկած ուղտը։ Մեր հարցին ի պատասխան՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ կենդանին եղել է անկած, վերցվել է նմուշ, հաստատվել է տուբերկուլոզ․ «Այդ կենդանին շատ արագ այրման միջոցով ոչնչացվել է։ Կա դիակիզարան, որտեղ ուղտը այրվել է։ Դրանից հետո Կենդանաբանական այգում բոլոր տեսակի սանիտարահիգենիկ աշխատանքներն իրականացվել են, ախտահանման աշխատանքներ են արվել, բոլոր կենդանիներն առանձնացվել են»,- ասաց Հարությունյանը։

 

Անդրադառնալով ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ Արմեն Վարդանյանի հայտարարություններին, Անուշ Հարությունյանը դրանք սաբոտաժ որակեց․ «Այդ տղայի ասածը ամենալկտի ապատեղեկատվությունն է։ Նա չի հետևել ոչ մի բանի և չգիտի՝ ինչ է կատարվում։ Նա այս պահին արձակուրդի մեջ է, տանը նստած հեքիաթ է պատմում»,- նշեց նա։ 

 

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արմեն Վարդանյանն ասել էր, որ իրականությունն այն է, որ կենդանաբանական այգին, որպես  անասնահամաճարակային նշանակության օբյեկտ, տուբերկուլոզի օջախ է, որտեղ հիվանդությունը, որպես ծխացող վարակ, պարբերաբար կդրսևորվի, քանի դեռ պատկան մարմինները չեն զբաղվում դրանով և չեն տալիս շատ հարցերի պատասխաններ։