«Արցախի ժողովուրդը պիտի որոշի, թե ում ընտրի, բայց և կարծում եմ, որ նրանք չպիտի քվեարկեն այն թեկնածուների օգտին, որոնք թշնամաբար են տրամադրված ՀՀ իշխանությունների հանդեպ», ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: «Ես սա չեմ ասում, որովհետև այս պահին մենք ենք իշխանության, սա ասում եմ, առհասարակ, և բոլոր ժամանակների համար: ՀՀ իշխանությունն ու Արցախի իշխանությունը չպիտի ատեն իրար, նրանց միջև թշնամությունը կործանարար կլինի մեզ համար»:
Հարցին' կան Արցախում առաջադրված թեկնածուներ, որոնք արդեն աչքի են ընկել ՀՀ իշխանության հանդեպ թշնամական վերաբերմունքով, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ակնհայտ թշնամանք տարածողներ կան, սակայն անուններ տալ չեմ ցանկանում»:
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճի երկակի և հակասական ընկալումներին և դրան հաջորդած սուր քննարկումներին' Ռուբինյանն ասաց, որ դրանք պայմանավորված էին դեբատի հրապարակային լինելով: «Վերջապես երկու կողմի ժողովուրդներն էլ, միջազգային հանրությունն էլ տեսան' ինչ և ինչպես են քննարկում երկրի ղեկավարները: Մինչ այս՝ միշտ չպատասխանված հարց է եղել հանրության համար' ինչ քննարկեցին երկրի ղեկավարները, ինչպես քննարկեցին, ինչ որոշեցին ու պայմանավորվեցին»:
Մյունխենյան հանդիպման մեջ Ռուբինյանը կարևորեց Փաշինյանի այն հայտարարությունը, որով նա հստակ ընդգծեց' այն, ինչ ադրբեջանցիները դիտարկում են որպես տարածք, մենք դիտարկում ենք' որպես անվտանգություն: Իսկ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ: