«Ես դա գնահատում եմ որպես փաստ և չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի եղբայրական հարաբերություններին»,-այս մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Արցախի գործող և նախկին նախագահների` երեկ, դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը` որպես խափանման միջոց փոխելու միջորդությունը, արդյո՞ք դա չի վնասում հայկական երկու պետությունների հարաբերություններին:

Անդրադառնալով նրան, թե ինչ հակահեղափոխական լարվածության և դրան առնչվող ուժերի մասին էր գրառում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախից վերադառնալուց հետո, և արդյո՞ք Դաշնակցության կողմից իրականացված ֆորումը առնչվում է դրան, թե ոչ, Ռուբինյանը նկատեց.

«Կարծում եմ` գաղտնիք չէ, որ մամուլում պարբերաբար գրում են լարվածության մասին, դա վկայում է բաև այս պահին ձեր կողմից տրվող հարցերը: Ըստ երևույթին, վարչապետն անդրադարձել է այս քննարկումներին` նկատի ունենալով, որ նման բան չկա և չի կարող լինել: Նա անդրադարձել է այդ թվացյալ վտանգին` հաշվի առնելով այն, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ժողովրդի մի մասն է և չի կարող նրանց միջև լարվածություն լինել, նրանք թույլ չեն տա»,-ասաց նա:

Հարցին, թե Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից` Հայաստանի իշխանություններին հնչող մեղադրանքները նույնպես հնարավոր է անտեսել, Ռուբինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևէ հայտարարություն կարելի է անտեսել: Եթե հնչում են անտրամաբանական մեղադրանքներ կամ հայտարարություններ, ապա ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար: Ուզում եմ նկատել, որ ցանկացած պաշտոնյա, կարևոր չէ, թե ինչ աստիճանի պաշտոնյայի մասին է խոսքը, չի կարող իր հայտարարություններով լարում մտցնել Արցախի և Հայաստանի եղբայրական հարաբերությունների միջև: Թե´ Արցախի, թե´ Հայաստանի ժողովուրդները, ցանկացած պահի պատրաստ են լիկվիդացնել այդ վտանգները»,- ասաց նա: Անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից կազմակերպված ռազմավարական ֆորումին, որին իշխանական ուժի ներկայացուցիչներ են ներկա եղել, Ռուբինյանը խոսեց իշխանության դիրքորոշման մասին` Արցախ-Հայաստան ռազմավարական համատեղ դաշինքի վերաբերյալ` ընդգծելով, որ որոշ նախնական քննարկումներ եղել են:

Ռուբինյանի խոսքով` տրամաբանությունն այն է, որ այո՛, դա թեմա է, որը պիտի քննարկվի, սակայն, եթե լինի նման բան, ապա պիտի լինի լավ մտածված, ժամանակին և տեղին: Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցից, Ռուբինյանը նշեց հայկական կողմի դիրքորոշումը` նկատելով, որ այս առումով հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքների հետ կապված դիրքորոշում. «Ըստ էության, կա իրավիճակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դադարել է լինել այդ իրավիճակում և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Մեր դիրքորոշումն է եղել կարգավորել դա աշխատանքային կարգով, ինչպես նաև կա ռոտացիոն ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանը պատկանում է Հայաստանին: Այդ հարցը քննարկվում է երկու սկզբունքների շուրջ»,- ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը, Ռուբինյանն անդրադարձավ Արցախի և Հայաստանի խորհրդարանների նախագահների հայտարարություններին՝ այն մասին, որ Արցախի խնդրի կարգավորման նոր ուղղություններ են մշակվում. «Խորհրդարանների նախագահների միջև քննարկվել է դիվանագիտության դերն ընդհանրապես, և մասնավորապես՝ Արցախյան հակամարտության համատեքստում:

Առաջնահերթ քննարկվել է, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի Ազգային ժողովի իրականացրած խորհրդարանական դիվանագիտությունը, ինչ փոխհարաբերության մեջ դա պիտի լինի կառավարության իրականացրած արտաքին քաղաքականության հետ, որոնք են դրա վարման մեխանիզմները և, թե ինչպես կարող են Արցախի և Հայաստանի խորհրդարանները համագործակցել այս համատեքստում»:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ