Հայտնի է դարձել «օրենքով գող» Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Իվանկովի սպանության մասնակիցներից երկրորդի անունը, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։
«Դա նախկինում բազմիցս դատապարտված 39-ամյա Կախա Գազաեւն է, որը դատարանի վճռի հիման վրա 2017-ից գտնվում է ազատազրկման վայրում՝ այլ հանցանքների կատարման համար»,- պատմել է Պետրենկոն։
Հետաքննության տվյալներով՝ Գազաեւը հանցագործության մասնակիցներին տրամադրել է ինքնաձիգ, որից սպանվել է Յապոնչիկը։ Սպանության պահին Գազաեւը գտնվել է հանցանքի վայրում եւ հետեւել հարակից տարածքին։ Բացի այդ, նա անձամբ է մասնակցել ինքնաձիգի տեղափոխմանն ու պահելուն։
Նրան ներկայացվել է սպանության, ինչպես նաեւ ապօրինի զենք պահելու մեղադրանք։ Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը եւ երկու ամսով ձերբակալել է Գազաեւին։
Փետրվարի 6-ին Մոսկվայում Բասմանյան դատարանը ՔԿՀ էր ուղարկել Յապոնչիկի սպանության մասնակիցներից մեկին, քրեական հեղինակություն Մուրտազ Շադանիային։
Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Իվանկովի նկատմամբ մահափորձը կատարվեց 2009 թվականի հուլիսի 28-ին: Նա մահացավ նույն տարվա հոկտեմբերի 9-ին: