Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չփակել հաստատությունը։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «ոչ բուժաշխատողների ջարդին», «ոչ սպիտակ խալաթների ջարդին» գրությամբ պաստառներ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում բուժքույր Զառա Դավթյանն ասաց, որ իրենք չեն դադարելու պայքարել, մինչև հասնեն իրենց ցանկությանը, որպեսզի հոսպիտալը շարունակի գործել․ «Մարտի 6-ին հոսպիտալի աշխատակիցներս ու հիվանդները լինելու ենք կառավարության շենքի դիմաց և այնտեղ ենք շարունակելու մեր բողոքի ակցիան»,- ասաց նա։

Ոստիկանության թոշակառու Արարատ Գալուստյանն էլ նշում է՝ իրենք այլ բուժվելու տեղ չունեն և հոսպիտալի փակվելու դեպքում՝ խնդրի առաջ կկանգնեն․ «Տեսեք ինչքան հիվանդներ կան, որոնք աշխատել ու ծառայել են հայրենիքի համար, 70%-ը դարձել է հաշմանդամ աշխատանքի ընթացքում։ Ուրիշ բուժվելու տեղ չունենք, բացի մեր հոսպիտալից ոչ մի տեղ չեն ընդունում մեզ բուժելու, եթե ընդունում են, ապա չեն բուժում և 7 օրից դուրս են գրում ասելով, որ պետպատվերը վերջացավ։ Նայե՛ք, հազարավոր մարդիկ գալիս են մարզերից, բոլորը անապահով, չգիտեն՝ դեղորայք գնեն, թե սնվեն, իսկ հոսպիտալում սնվում են և դեղորայքն էլ անվճար է»,- ասում է նա՝ նշելով, որ հոսպիտալի անձնակազմը բոլոր հիվանդներին գիտի և հոգատարությամբ բուժում է իրականացնում։

Ավելի վաղ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի փակմանը, հայտարարել էր․ «Հոսպիտալից օգտվում են ոչ մեծ թվով ոստիկաններ, քանի որ այն գտնվում է Երևանում, իսկ ոստիկաններ՝ մեզ մոտ ապրում են ամբողջ երկրում։ Հոսպիտալի սպասարկման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 800 մլն դրամ։ Ավելին, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը, որոնք ապրում են Երևանում, միևնույն է, բժշկական օգնություն ստանում են ոչ թե այդ հոսպիտալում, այլ ուրիշ բժշկական հաստատություններում։ Բանն այն է, որ այդ հոսպիտալը հագեցած չէ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Եւ քանի որ ոստիկանության աշխատակիցներ, այսպես թե այնպես, գործնականում բժշկական օգնություն չեն ստանում տվյալ հոսպիտալում, մենք որոշել ենք հոսպիտալի սպասարկման գումարը ավելացնել պետպատվերի գումարին, որպեսզի կառույցի աշխատակիցները կարողանան որակյալ բուժօգնություն ստանալ»,- ընդգծել էր Փաշինյանը, ապա անդրադառնալով նրան, թե որքանով է հոսպիտալը օգտակար լինում ռազմական գործողությունների ժամանակ՝ հայտարարել էր, որ, իր կարծիքով, 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ այս հոսպիտալը որևէ օգուտ չի տվել։

4STOPPED
Սոնա Հարությունյան