Երևանի նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս: Այս մասին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:
«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110 տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,-վստահեցրեց Գալստյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության հարցին՝ նա նշեց, որ դա նույնիսկ զարգացած երկրներում է խնդիր, լուծումները բազմաթիվ ու բազմաբովանդակ են:
Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել նախորդ տարի: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր 2020-ից հարցը թղթի վրայից փոխադրել իրականացման դաշտ: