Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսը քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին:
Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«GPS համակարգով ամբողջությամբ հետևում ենք աշխատանքին, վերահսկում ենք, որ ուշացումներ չլինեն»,- նշել է երթակարգավար Սամվել Արամյանը:
«Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը: