ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Սումգայիթյան ջարդերին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«1988 թ․-ի փետրվարյան այս օրերին Սումգայիթում ջարդեր ու սոսկալի բռնություններ էին կիրառվում տեղի հայ բնակչության նկատմամբ։ Սա իհարկե մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը Ադրբեջանի իշխանությունները անընդհատ փորձում են խեղաթյուրել կամ էլ կեղծել՝ որպես հակափաստարկ բերելով Խոջալուի հորինված դեպքերը։
Բնական է, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ իրականությունը հնարավոր չէ քողարկել։ Մենք էլ մեր կողմից միջազգային տարբեր ամբիոններից անընդհատ խոսում և բարձրաձայնում ենք Սումգայիթյան ողբերգության մասին՝ փորձելով ընդգծել Ադրբեջանական ռեժիմի հայատյաց և ընդհանրապես մարդատյաց բնույթը։
Իրականում Սումգայիթյան ջարդերը դեռևս չեն կարող անցյալ լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է գործել այդ նույն ֆաշիստական տրամաբանությամբ։ Քնած հայ սպայի կացնահարումը, Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված գազանություններն ու բազմաթիվ այլ դեպքեր ասվածի վառ վկայությունն են։
Բոլոր այս փաստերը դրված են աշխարհի և մարդկության առջև՝ որպես ապացույց այն ճշմարտության, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: