ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համոզված է, որ հանրաքվեի անցկացումն ուղղված է միմիայն ժողովրդավարության պաշտպանությանը, սակայն նա, նախքան հանրաքվեն, ՍԴ-ի գործունությանը պատշաճ իրավաքաղաքական գնահատական տալու կարիք է տեսնում: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
« Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն անկյունաքարային նշանակություն է ունենալու մեր երկրի զարգացման համար: Միևնույն ժամանակ չափազանց կարևոր է, որ մենք առաջնահերթ կերպով ախտորոշենք առաջացած ճգնաժամը, նրա հասցրած վնասները մեր պետության համար: ՍԴ-ի ճգնաժամը հաղթահարելու համար հանրաքվեի անցկացումն ուղղված է միմիայն ժողովրդավարության պաշտպանությանը: Առավել քան վստահ եմ, որ մենք մոտեցել ենք այն հանգրվանային կետին, որ մինչև հանրաքվեն ՍԴ-ի գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական: Առանց այդ գնահատականի սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակազուրկ կլինի, այն զրկվում է սահմանադրաիրավական և քաղաքական բովանդակությունից »,-ասաց Բաբաջանյանը:
Նրա կարծիքով՝ մինչև հարցը քաղաքացու քվեի որոշմանը հասցնելը այս գնահատականը պետք է տրվի, հակառակ դեպքում հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակությունից զուրկ կլինի: Պատգամավորի կարծում է, որ այդ գործընթացի մեջ պետք է մտնել գնահատական տալուց, խնդիրն ամբողջական ձևակերպելուց հետո՝ հակառակ դեպքում ոչինչ չի ավելացվի հաջորդ դատարանի գործունեության համար՝ լինելու ավելի արդյունավետ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: