Հայրենական սպորտի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի նոր մասնաշենքում հանդիպում է ունեցել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 4 մեդալ նվաճած հայ մարզիկներին: «Կենտրոն» հեռուստաընկերության «Դեպի Ռիո» հաղորդաշարի հերթական թողարկումն այդ հանդիպման մասին էր:
Հանդիպման ընթացքում ՀԱՕԿ նախագահը նշեց, որ այս հաղթանակները ոգևորության ալիք են բարձրացրել համայն հայության շրջանում: Սակայն կարևոր մրցաշարը դեռ առջևում է:
«Ինձ թվում է՝ պետք է կարողանաք մեդալներ բերել, որ ուրախացնեք և պարոն Ազարյանին, և ձեր մարզիչներին, և ձեր ծնողներին, և մեր ժողովրդին, և մեզ: Իրոք, դուք արդեն մոտ եք կանգնած դրան, շատ մոտ: Նայելով ձեր մարզչին՝ տեսնում եմ, որ նա դրանով ապրում է, նրա դեմքի փայլը, ոգևորությունը, կարծես իր հարազատի համար մտածի ու սպասի»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ կբարձրացվեն մարզիկների ու մարզիչների պարգևավճարներն ու աշխատավարձերը, որպեսզի նրանք որևէ բանի կարիք չունենան:
«Ամեն ինչ հանձնարարված է, քարտուղարը հետևում է, ինչ, որ պետք է՝ գումարներ, ծախսեր, թոշակներ, կարվի»,- հավաստիացրեց Գագիկ Ծառուկյանը: