Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրել նաև պաշտպան Արամ Վարդևանյանը։ Միջնորդությանը միացել էին պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։
Ավելի վաղ, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: