Ադրբեջանի Թովուզի շրջանի Տեղական պատմության թանգարանը «հաճելի» անակնկալ է մատուցել նախագահ Իլհամ Ալիևին և հարուցել նրա անբացատրելի վրդովմունքը: Ուսումնասիրելով նորաբաց թանգարանի բոլոր ցուցանմուշները՝ Ալիևը «Հին Ադրբեջանի» քարտեզների բաժնում բախվել է դաժան իրականությանը: Դրանց վրա չեն եղել ո՛չ Ադրբեջանի անունը, ո՛չ ադրբեջանական քաղաքների անունները և ո՛չ էլ որևէ հիշատակում «Հին Ալբանիայից», որն ադրբեջանցի պատմաբանները սիրում են համարել հին Ադրբեջանը: Դրանց փոխարեն Ալիևը տեսել է Ուրարտուի հին թագավորության քարտեզն ու հայկական Սիսիան քաղաքի անունը:
Ալիևն իր ամբողջ զայրույթը թափել է շրջանի գործադիր իշխանության ղեկավարի վրա և հրահանգել կապ հաստատել մշակույթի նախարարության հետ ու վերատպել քարտեզները: Ալիևին մտահոգել է այն հարցը, թե ի՞նչ են պատասխանելու ադրբեջանցի երեխաներին, եթե նրանք հարցնեն, թե որտեղ է իրենց «հնագույն» հայրենիքն այդ քարտեզների վրա: