ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար:
Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն:
Հիշեցնեմ, որ երեխան նախկինում չի հանդիսացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ որևէ գիշերօթիկի հաստատության սան, բայց բուժանձնակազմը հաստատեց, որ մինչ այժմ այցելու չի ունեցել:
Նախարարությունը, ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի աղջկա խնամքի կազմակերպումը»: