Գյումրիում մարտի 5-ին, նախնական տեղեկություններով, 28-ամյա երիտասարդի կողմից ծեծի ենթարկված և մահացած 43-ամյա կնոջ 13-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Երեխան այս պահին անգիտակից վիճակում է։ Թեև նրա մոտ արյունահոսություն չկա, բայց առկա են բազմաթիվ տրավմաներ․ ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, ունի արյունազեղում, քթի բազմակի ոսկորների կոտրվածք, ծնոտի կոտրվածք, անրակի կոտրվածք, 10-րդ կողի կոտրվածք, մարմնի բազմակի սալջարդեր՝ որովայնի սալջարդ, կրծքավանդակում արյան կուտակում: Երեխայի մոտ այսօր գերակշռողը գանգուղեղային տրավման է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ նշելով, որ հարազատներից որևէ մեկը դեռ չի այցելել երեխային։
Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ երեխան եղել է Գյումրիի խնամքի կենտրոններից մեկի սան, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի որոշմամբ՝ հաստատությունը փակելուց հետո երեխան վերադարձել էր տուն, որտեղ ապրել է անառողջ միջավայրում:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Կիրակոսյանը հերքեց լուրերը․ «Երեխան երբևէ որևէ խնամքի կենտրոնում չի եղել, նա եղել է հանրակրթական դպրոցի սան: Նա ապրել է իր մայրիկի հետ, որևէ կերպ մեր տեսադաշտում չի հայտնվել՝ որպես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։ Հարազատների մասին մենք տեղեկություն չունենք»,- ասաց Արաքս Կիրակոսյանը:
Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր հանրակրթական դպրոցում է սովորել, մարզպետարանից հրաժարվեցին նշել։
Չնայած դրան, համացանցում շարունակում են պնդել, որ երեխան եղել է խնամքի կենտրոնում, իսկ նախարարության և մարզպետարանի հերքումները «սուտ» են։
Նշենք, որ ոստիկանները հայտնաբերել էին 43-ամյա կնոջ դին և իր 13-ամյա դստերը՝ ծայրահեղ ծանր վիճակում. հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը։