Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը «Women of Courage» միջազգային ծրագրի կողմից ճանաչվել է աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը և ԱՄՆ-ում կայացած հանդիսության ընթացքում մրցանակ է ստացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Ի դեպ, միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Մեր անդրադարձի նպատակը ոչ թե Լյուսի Քոչարյանի ստացած մրցանակն է, այլ այն, որ տարածվում են լուրեր, թե նա առաջինն է Հայաստանից, որն արժանացել է այդ մրցանակին: Սակայն այդպես չէ. դեռևս 2010 թ. առաջին անգամ Հայաստանում «Խիզախ կին» մրցանակը շնորհվել է այն ժամանակ 30-ամյա Մարիամ Սուխուդյանին: Վերջինս Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնողներից էր, նաև ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում կամավորական աշխատանքներ էր իրականացրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և բարձրաձայնել դպրոցում տիրող իրավիճակը, մասնավորապես սեռական ոտնձգությունները երեխաների նկատմամբ:

Այդ տարիներին՝ Թռչկանի ջրվեժի փրկությունից հետո «Պահպանենք թռչկանը» նախաձեռնող քաղաքացիական խմբի ակտվիստները' ի նշան հաղթանակի, սափրել էին իրենց գլուխները, նրանց թվում էր նաև Մարիամ Սուխուդյանը:

2011-ին այդ պատվին կրկին հայ կին է արժանացել: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհվել է Ամալյա Կոստանյանին «հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»' նշելով, որ Ամալյայի «վճռականությունը և նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարացմանը արժանապատվության և հայրենասիրության բացառիկ օրինակ է»:

Հաջորդը, ով արժանացել է «Խիզախ կին» մրցանակին Ծովինար Նազարյանն է: Նա մրցանակը ստացել է 2012 թվականին՝ զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», - հայտարարել էր «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը:

Նշենք, որ Լյուսի Քոչարյանը անցած' 2019թ. ամռան ընթացքում սկզբում իր ֆեյսբուքյան անձնական էջում, այնուհետև իր կողմից ստեղծված Բռնության ձայնը/Voice of Violence էջում գրառումներ էր հրապարակում, որոնցում անանուն կերպով ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների աղմկահարույց պատմությունները: Չնայած նրան, որ ներկայացված պատմությունները միանշանակ չէին ընդունվել հանրության կողմից և կասկածի տակ էր դրվում պատմությունների իրական լինելու հանգամանքը, Լյուսի Քոչարյանը շարունակում էր պնդել, որ դրանք իրական պատմություններ են և որևէ կապ չունեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ, որի մասին քննարկումները «համընկան» նույն ժամանակահատվածի հետ: