«Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Infocheck նախագիծը անրադարձել է արձակուրդում գտնվող և քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանի գործունեությանը ու դրա օրինականությանը»: Այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Ի տարբերություն ուղղաթիռով մեկնելու փաստի (որն իրոք օրինական է), հանրային միջոցներով Նիկոլ Փաշինյանի քարոզչական գործունեության պաշտպանությունը վարչական ռեսուրսի կիրառման ակնհայտ օրինակ է (https://infocheck.am/am/posts/309): Առավել ևս, որ նույն հարթակը չի անդրադարձել այն դեպքերին, երբ վարչապետը քարոզչության ընթացքում իրոք խախտել էր օրենքը:
Ընդ որում, նյութում ներկայացնում են, թե իբր վարչապետը իրավունք էլ չուներ մեկնել մեքենայով (թեկուզ ծառայողական, զրահապատ) և պարտավոր էր գնալ ուղղաթիռով: Դա սուտ է, վարչապետը կարող էր (թեև պարտավոր չէր) հրաժարվել ու գնալ նույնիսկ իր անձնական ոչ զրահապատ մեքենայով՝ ինչպես արեց ամառվա իր արձակուրդի ժամանակ:
Առհասարակ, նշված ՊՈԱԿ-ի Infocheck նախագծի գործունեությունը պարբերաբար հիշեցնում է իշխանամետ քարոզչություն, որն արվում է հարկատուների հաշվին:
Այսպես՝ երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է ակնհայտ սխալ բան ասում տնտեսության մասին (https://fip.am/9632), այդ կայքը լռում է, բայց երբ դա անում է Հրանտ Բագրատյանը՝ անպայման անդրադառնում է (https://infocheck.am/am/posts/218): Նույն կերպ չեն մոռանում անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարություններին, որոնք ուղղված չէին պետական որևէ գերատեսչությանը (https://infocheck.am/am/posts/232):
Կարող եմ էլ չհիշատակել, թե ո՞նց էր էդ կայքը մանիպուլացնում զինված ուժերում մահացության շուրջ պատմությունը և կեղծ ինֆորմացիա տարածելով՝ թիրախավորում Նիկոլ Փաշինյանի սխալի մասին բարձրաձայնող լրատվամիջոցին:
Բարեկամներ, 150-ից ավել հաստիք ունեցող ՊՈԱԿ-ը հարկատուների հաշվին իշխող թիմի քարոզչության համար օգտագործելը հակասում է ժողովրդավարության տարրական սկզբունքներին և նույնիսկ, ըստ էության, Սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող օրինականության սկզբունքին»: