Լոռու մարզի Կուրթան գյուղում «Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակից դուրս գալու և բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանը կոշտ ու կոպիտ եղավ. «առողջ տղա ես, չես ամաչում, եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի, ստեղծի»։ Վարչապետի արձագանքը քննարկման առիթ էր դարձել համացանցում։

 

 

Քիչ առաջ, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ միջադեպին և իր սխալ արարքի համար ներողություն խնդրեց  Մեխակից և ՀՀ քաղաքացիներից․

  

 

 

 
 
 

Խոսելով վարչապետի արձագանքի մասին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեխակն ասաց, որ դրանից իրեն վատ է զգացել․ «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձանից ներողություն խնդրեր»,- նշեց կուրթանեցի տղան՝ նշելով, որ այս պահին իրենց տուն է այցելել ԱԺ պատգամավոր, վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը։

Կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանն ասաց, որ այն օրը վարչապետի արձագանքից անակնկալի է եկել, չէր սպասում նման վերաբերմունքի, դրա համար էլ չկարողացավ լիարժեք ներկայացնել իրավիճակը․ «Սխալը ես էի, պապանձվեցի, ամաչեցի, չկարողացա խոսել։ Ֆեյսբուքներում ինչ ասես՝ գրում են իմ հասցեին, ասում են՝ «այ բոմժ», բայց չեն հասկացել, թե ես ինչ էի ուզում ասել։ Երբ վարչապետը սկսեց ջղայնանալ, ես էլ ձայն չհանեցի, այդ պահին վիրավորվեցի, բայց դե վիրավորվեմ-չվիրավորվեմ, միևնույն է՝  բան չի փոխվելու»,- ասաց Մեխակը։

 

Նա նշեց, որ իրենք երկրաշարժի հետևանքով տուժել են ու տեղափոխվել Կուրթան, բայց պետությունն իրենց չի փոխհատուցել և որևէ ձևով չի աջակցել։ Տնակում ապրում են 10 հոգով․ ծնողները, կինն ու երեխան, եղբոր ընտանիքը։ «Երեխաս 2,5 տարեկան է, հենց այս պահին հիվանդանոցում ենք, վատառողջ է։ Ես էլ առողջական խնդիրներ ունեմ․ ողնաշարիս 2 գրիժա ունեմ, թոքաբորբ, բրոնխիտ եմ, մի թոքս բորբոքված ա, երիկամի խնդիր ունեմ։ Երանի առողջություն ունենայի, աշխատեի, ինձ էլ հաճելի չէր, որ վարչապետին տենց բան ասեի։ Ստիպված թեթև գործեր եմ անում, մեկի համար գնում խոտ եմ բարձում, կարտոշկա հանում, որ 3000, 4000 տուն բերեմ, ապրենք։ Ուրիշ գործ չեմ կարա անեմ։ Ժամանակին Ռուսաստան էի գնում, ռեմոնտի գործ էի անում, բայց ամեն անգամ խաբվում էի։ Աշխատել, մի հատ կով եմ ստեղծել, որ երեխեքին կաթ լինի։ Տան պայմաններն էլ էն չեն, մի մասը գետնին ա քնում, մի մասը եսիմ որտեղ, խոնավ տնակում ապրում ենք»,- նշեց նա։

 

Իրապես, Մեխակի ընտանիքն ապրում է տնակի 2 փոքր սենյակում՝ խոնավ ու հարմարություններից զուրկ։ Տան ծածկն ու պատերն այնքան անբերակարգ են, թվում է՝ ուր որ է կփլվեն։

 

Սոնա Հարությունյան