Տնտեսագետ Սուրեն Պարսյանը վստահ է'կորոնավիրուսն ուղիղ հարված է հասցնում զբոսաշրջությանը: Այս վնասը մեղմելու համար նա Հայաստանում պետական աջակցության, նոր նախաձեռնությունների կարիք է տեսնում: Պարսյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Կորոնավիրուսն ուղիղ հարված է հասցնում զբոսաշրջությանը բոլոր երկրներում: Հայաստանում այս ամիսներին սովորաբար ունենում ենք 30-50 հազար զբոսաշրջիկների ներհոսք' ի հաշիվ Իրանի հոսքի: Սակայն հիմա չունենք: Այլ երկրների զբոսաշրջիկները ևս մտավախություն ունեն: Հայաստանում կորոնավիրուսի մեկ դեպք հայտնաբերվել է, բացի այդ Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի օջախներից մեկի կողքին»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի մինչև հունիս ամիսը, քանի որ ամառվա ամիսներին սկսվում է բուռն զբոսաշրջային սեզոնը:
Պարսյանը նշեց'զրուցել է զբոսաշրջային ընկերությունների հետ, տեղեկացել, որ շատերի մոտ փաթեթները սառեցվել են, շատերը ոչ արտագնա, ոչ ներգնա փաթեթների վաճառք չունեն: «Պետք է արձանագրենք, որ փետրվար-մարտ ամիսները մեր զբոսաշրջության ոլորտի համար լինելու են մեծ վնասի ամիսներ: Եվ եթե այդ վնասն ի հաշիվ ամռան չփոխհատուցվի, ապա այս ոլորտը մեծ կորուստներ է կրելու»,-ասաց տնտեսագետը:
Նրա կարծիքով' պետք է լինեն պետական աջակցություն, սուբսիդավորման ծրագրեր, նոր նախաձեռնություններ: Պարսյանը նաև վտանգ է տեսնում, որ որոշ փոքր զբոսաշրջային ընկերություններ այս ամիսներին կարող են դադարեցնել իրենց գործունեությունը:
Տնտեսագետը նշեց' կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է մոտ 1000 դոլար: «Եվ, եթե ենթադրենք, որ այս ամիսներին 30 հազար զբոսաշրջիկ պետք է գար, սակայն չի եկել, դա նշանակում է, որ այդքան կորուստ ենք ունեցել»,-ասաց նա:
Տնտեսագետը նկատեց, որ հատկապես ազգային ավիափոխադրող չունենալու պայմաններում պետք է փորձել հնարավորինս պահել շուկան, աջակցել ընկերություններին, միջոցառումներ նախատեսել, որ չվերթները չկրճատվեն: Նրա կարծիքով'Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է պահել Վրաստանի հետ տարանցման հնարավորությունը: Հիմա Ադրբեջան-Վրաստան տարանցման որոշակի սահմանափակումներ կան, Հայաստանի դեպքում դեռ չկա' բացառությամբ իրանական բեռնափոխադրողների: «Եվ մենք պետք է հնարավորինս բաց պահենք վրացական սահմանի ուղղությունը: Պետական առողջապահական ծառայությունները շատ մեծ անելիք ունեն»,-եզրափակեց Պարսյանը:
Մարտի 1-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Նա ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել էր Հայաստան փետրվարի 28-ին, Թեհրանից: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։