Մամուլում լուրեր տարածվեցին, թե Իտալիայից վերադարձած և կորոնավիրուսի վարակակիր լինելու պատճառով մեկուսացված ՀՀ քաղաքացիներից մեկը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից է:
Միաժամանակ «Թումո»-ն հայտարարություն տարածեց, որ ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը:
 
Ինչքանով կապ ունեն երկու դեպքերը՝ փորձեցինք ճշտել կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանից:
 
«Իտալիայից վերադարձած անձը, ով կորոնավիրուսի վարակակիր է, մեր աշխատակիցը չէ: Նա շինարարական խմբի անդամ է, շինարարությունը տեղի է ունենում «Թումո»-ի վեցերորդ հարկում»,- ասաց Բուդաղյանը:
 
Նրա խոսքով՝ «Թումո»-ի դասերը դադարեցվել են մեկ ամսով, դրդապատճառը կորոնավիրուսի տարածումն է.
 
«Ղեկավար կազմն օրեր առաջ արդեն որոշում ուներ դասերը դադարեցնելու, որպեսզի ավելորդ առիթ չտանք վիրուսի տարածման, քանի որ մեզ մոտ երեխաների հոսքը շատ մեծ է: Այդ աշխատակցի վերադարձն ու մեր փակվելը զուգադիպեցին»:
 
Հարցին` արդյոք այս օրերի ընթացքում այդ աշխատակիցը որևէ շփում չի՞ ունեցել երեխաների կամ անձնակազմի հետ, Բուդաղյանը պատասխանեց. «Մենք տեսախցիկներով ստուգել ենք նրա բոլոր մուտքերը, հասանելիությունը մեր կրթական տարածքներին, վստահեցնում եմ` ոչ մի ուղղակի շփում չի ունեցել մեզ հետ»:
 
Նշենք, որ «Թումո»-ն աշխատանքները դադարեցնում է այս օրվանից մինչև ապրիլի 12-ը: Դրանից հետո կախված իրավիճակից՝ նոր որոշում կկայացնեն:
 
Հիշեցնենք, որ «Թումո» կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում: