Արցախի նախագահի թեկնածուներից Բելլա Լալայանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց սպասվող նախագահական ընտրությունների, Արցախում տիրող մթնոլորտի, ինչպես նաև ներքաղաքական հարցերի մասին:
- Երկար տարիներ եղել եք լրագրող, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի ընտրություններում:
- Լրագրությունն այն մասնագիտությունն է, որ թույլ է տալիս տիրապետելու մեր կյանքի բոլոր ոլորտների խնդիրներին, տեղյակ լինել բացթողումներին, և ուրեմն, լրագրող լինելը, ընդամենը, առավելություն է՝ երկրի ղեկը ստանձնելու հարցում: Այստեղ կարևորն այն է, թե ինչ սկզբունքներով լրագրող ես՝ պետականամետ, թե հակապետական, ազգային խիստ ընգդծված կեցվածքով, թե գլոբալիստ, հայրենասեր, թե կեղծ պացիֆիստ:
- Ի՞նչ եք կարծում, ՀՀ իշխանությունները որևէ կերպ կազդեն ընտրությունների վրա և մինչ այս պահը ազդե՞լ են, թե՝ ոչ:
- Ինչպես միշտ, այսինքն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ ՀՀ իշխանությունները փորձում են ազդել Արցախում ընտրությունների վրա: Հավանաբար, պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները ուզում են տեսնել Արցախի ղեկավարի պաշտոնում նրան, ում կարող են հեշտությամբ ենթարկեցնել իրենց: Այս առումով, ես իրենց համար անցանկալի թեկնածու եմ: Գիտեն, երևի՝ միակն եմ, ում հետ միայն հնարավոր է լինելու համագործակցություն և ոչ թե վերահսկողություն:
-Ինչպիսի՞ն է Արցախի հարցի կարգավորման Ձեր տարբերակը: Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար էլ: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավոր է:
-Փաշինյանի ասածը անհեթեթության գագաթնակետն է: Ադրբեջանի համար ընդունելին միայն հողերի վերադարձն է և նույն հողերում, նաև նախկին մարզի տարածքում, իրենց տանուտեր լինելը: Ուզում եմ հասկանալ, թե այսպիսի նկրտումներ ունեցող թշնամու համար ընդունելին լինելու տարբերակը, ըստ Փաշինյանի, որն է, որ մեզ համար էլ կլինի ընդունելի: Արցախի հարց գոյություն չունի ինձ համար: Գոյություն ունի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մեր պատմական այլ տարածքների հարց: Իսկ Արցախը վաղուց ինքնորոշված պետություն է՝ իր անխախտելի սահմաններով:
4STOPPED
- Ինչպիսի՞ն է արցախցիների տրամադրվածությունը ընտրությունների հանդեպ: Ի՞նչ սպասելիքներ ունեն:
-Ամեն ընտրությունից առաջ մարդկանց մոտ հույսեր են արթնանում ավելի լավ կյանքի համար: Ամեն ընտրությունից առաջ բոլորը խոսում են արդարությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից, հույս պահում, որ ընտրությունից հետո կստանան իրենց ուզածը: Բայց, մինչև մարդիկ չսովորեն պետական ու ազգային հարցերում մոռանալ իրենց շահը, մինչև չսովորեն սեփական հարմարավետությունը ստորադասել օրենքի գերակայությանը՝ էականապես ոչինչ չի փոխվելու:
-Ինչպիսի՞ն է Արցախի ներքաղաքական կյանքը: Արդար ընտրությունե՞ր եք ակնկալում:
-Բացարձակ արդար ու առանց խախտումների ընտրություններ անհնար է ցանկացած երկրում, այդ թվում, նույնիսկ ամենաժողովրդավար համարվող պետություններում: Բայց, համեմատական կարգով, պետք է խոստովանել, որ կոպիտ ու ակհնայտ խախտումներ Արցախում չեն լինում:
- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի կարգավորման հարցում:
-Ինձ թվում է, երբ ՀՀ իշխանությունները ձգտում են հարցի այնպիսի լուծման, որ Ադրբեջանի համար էլ լինի ձեռնտու, ավելորդ է խոսել գնահատականի մասին: Այդ հայտարարությամբ ամեն ինչ ասված է, որ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմը վարում է պարտվողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, ամրացել են Ալիևի դիրքերը: Բայց, բոլոր դեպքերում, արցախցին թքած ունի այն ամենի վրա, ինչը չի բխում իր երկրի անվտանգության շահերից: Միևնույն է, ինչ էլ խոսեն բանակցությունների ժամանակ, վերջանակն խոսքը Արցախինն է ու արցախցունը: Սա է այն հենքը, որի վրա պետք է կառուցվեն բանակցությունները: