Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել է լվացքի, արդուկման և ախտահանման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։ 2016-ից 2019 թվականներին ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը կազմել և բուժհաստատության համապատասխան աշխատակիցներին է ներկայացրել մատուցված ծառայությունների ծավալի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր, ինչի հետևանքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37 միլիոն 500 հազար դրամից ավելի գումար։
Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցներ, պետության կողմից երաշխավորված, անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ ծրագրի շրջանակներում, 2016-ից 2019 թվականներին կրկնակի կամ հավելյալ բժշկական ծառայությունների վերաբերյալ հաշվառման փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մտցրել ու կազմել ակնհայտ կեղծ հաշվետվություններ, որոնք ներկայացրել են Առողջապահության նախարարությանը և չիրականացված ծառայությունների դիմաց ստացել 27 միլիոն 100 հազար դրամից ավելի գումար։
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բուժհաստատության նյութական պատասխանատու անձը 2019 թվականի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է 2 միլիոն 500 հազար դրամից ավելի' ընդհանուր 6 տոննա 360 լիտր վառելիք։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։