Այս օրերին հանրությանը հուզում է այն հարցը, թե ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետեւանքով Իրան-Հայաստան եւ Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին: Կառավարության որոշմամբ՝ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչեւ մարտի 24-ը, ինչը նաեւ տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ եւ բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջեւ ապրանքների առեւտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առեւտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) եւ ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական եւ հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ եւ նավթամթերք (10%), ցեմենտ (8%):
 
Մինչեւ 2020թ.-ի մարտի 24-ը բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղեւորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության եւ հանրային սննդի կազմկերպման վրա եւ այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:
 
Հայաստանը, սակայն, կարող է շատ ավելի շոշափելի կորուստներ կրել՝ պղնձի գների անկմամբ պայմանավորված: Հայաստանն առաջին հերթին կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով՝ հաշվի առնելով, որ Հայաստանից արտահանվող պղնձի զգալի հատվածի գնորդը հենց Չինաստանն է: Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ պղինձը ներկայումս Հայաստանի արտահանման կազմում առաջին տեղում է՝ ըստ մաքսային արժեքի։ Հետևաբար, գնային տատանումներն իրենց զգալի ազդեցությունն են թողնում արտահանումից ստացվող եկամուտների և պետբյուջե վճարվող հարկերի վրա։
 
2019 թվականի տվյալներով՝ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Առաջին տեղում Ռուսաստանն է։ Բնականաբար, ստեղծված իրավիճակը ազդելու է երկու-երկրների ապրանքաշրջանառության ծավալների վրա:
 
Կորոնավիրուսի բացասական հետևանքը կզգացվի նաև Հայաստանի զբասաշրջության վրա՝ կնվազի Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը։ Արդեն իսկ հայտարարվել է, որ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։