Տնտեսագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսը ազդում համաշխարհային և, մասնավորապես, մեր տնտեսության վրա:

 

«Կորոնավիրուսը ոչ թե լոկալ, այլ համաշխարհային տնտեսության խնդիր է ստեղծում: Գրանցվում են ֆոնդային բորսաների անկում, խոշոր նավթի գների անկում, տարբեր երկրների փոխարժեքի անկումներ և սրա ֆոնին՝ դոլարի փոխարժեքի բարձրացում»,-ասաց նա:

Նավթի գների հետ միասին՝ ընկնում է նաև ռուբլու փոխարժեքը: Սա կնվազեցնի Ռուսաստանից եկող տրանսֆերտները և դրանց գնողունակությունը. «Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները աշխատանքի, նաև աշխատավարձի խնդիրներ կունենան: Մեր ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը կազմող տրանսֆերտների հոսքի խնդրի առաջ ենք կանգնելու: Դրա սոցիալական և տնտեսական հետևանքների մասին կարծում եմ՝ ավելորդ է խոսելը»:

Նա նշեց, որ նույնիսկ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը այնքան վտանգավոր չէր, որքան այս իրավիճակը:

«Մենք ունենք խնդիր, որպեսզի հանկարծ դրամի գերարժևորում տեղի չունենա: Դա, միանշանակ, կազդի մեր արտահանողների վրա, քանի որ կհարվածի արտահանվող ապրանքի մրցակցային առավելությունների վրա»,- ընդգծեց նա:

Այստեղ պետք է որքան հնարավոր է շտապ կարգավորել արտարժութային գործարքները՝ արժույթի տատանումներից խուսափելու համար: Սա, բնականաբար, Կենտրոնական բանկի գործառույթների մեջ է մտնում. «Այս համաճարակային, կարանտինային վիճակը շատ ավելի աղետալի կլինի մեզ համար, եթե երկար ձգվի: Այս պահին, փաստացի ունենք 4 փակ սահման: Մենք ներկրող երկիր ենք, հետևաբար, համաճարակի շարունակական լինելու արդյունքում՝ մենք կարող ենք պարենի խնդրի առաջ կանգնել»,-ասաց տնտեսագետը:

«Այս պահին, առնվազն, չի զգացվում այն շտապ գործիքակազմի կիրառումը, որը բնորոշ է աշխարհի զարգացած տնտեսություններին կամ ոչ այնքան զարգացած՝ մեր պես երկրներին: Մեզ մոտ դեռ չկա մասնավոր բանկերին լրացուցիչ երաշխիքների տրմադրմանն պրակտիկան, որը շատ կարևոր է»,-ասաց Ամիրխանյանը:

Տնտեսագետն ընդգծեց, որ հարվածը ոչ միայն բանկային համակարգին է սպառնում, քանի որ մարդիկ, պարզապես, չեն կարողանա սպասարկել իրենց վարկերը ՝ ելնելով օբյեկտիվ պայմաններից. «Եթե բանկերը և բանկային կազմակերպությունները սառեցրել են վարկերի մարումը, ապա դա արվել է սեփական նախաձեռնությամբ: Այսինքն՝ առևտրային բանկը, ի հաշիվ սեփական վնասների, գնում է ընդառաջ՝ կատարելով այդ քայլը: Որոշ մասնավոր բանկեր իրենց պահուստների հաշվին կարող են դա անել, որոշները՝ ոչ: Բայց պետք է լինեն բանկերին տրվող երաշխիքների ընդհանուր մեխանիզմ, որի պատասխանատուն Կենտրոնական բանկն է»,-ասաց նա:

Ամիրխանյանը հիշեցրեց, որ ամբողջ 2019 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը հայտարարում էր պահուստների աննախադեպ աճի մասին. «Եկեք որևէ կերպ չկասկածենք, որ այդ պահուստները կան, փոխարենը՝ այսօր հենց այն ճիշտ ժամանակն է, որ գործնականում դրանք դեր խաղան: Թող հենց այդ ֆոնդերից երաշխիքներ տրամադրեն, որպեսզի մասնավոր բանկերը, ի վնաս իրենց, չիրականացնեն այն, ինչ պետք է արվի պետության աջակցությամբ»:

Հարցին, թե այնուամենայնիվ, մինչև այս պահը, արդեն իսկ համարժեք քայլեր պետական մակարդակով չպետք է իրականցվեին, նա պատասխանեց, որ, բնականբար, պետք է արված լինեին, դեռ հունվար ամսից պետք է պատրաստ լինեինք այս իրավիճակին. «Իհարկե, պետք է արվեր, ցավոք չի արվել, ինչի արդյունքում, ըստ էության, պատասխանատվությունը մասնավորի վրա է մնացել»: