Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը ոստիկանների այցի պատճառ է դարձել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նա: Պատճառը կորոնավիրուսի վերաբերյալ worldometers.info համաշխարհային տեղեկատվական առցանց կայքի տվյալների հրապարակումն է եղել:
«Ես գրառում էի արել, առանց մեկնաբանության կամ կարծիքի, պարզպես՝ այդ հարթակի տվյալները ներկայացնելով իմ էջում: Ի դեպ, կայքը միջազգային և հեղինակավոր է: Ներկայացնում է պաշտոնական տվյալներ՝ կորոնավիրուսի մասին ամբողջ աշխարհից, որոնք չէին հակասում այդ օրը հրապարակված մեր պաշտոնական տվյալներին, պարզապես մեր տվյալներով երկու հիվանդների վիճակը թեթև էր, իսկ այդ կայքում նշված էր՝ կրիտիկական»,-ասաց նա:
Խզմալյանը պատմեց, որ գրառումը ինչ-որ տեղ արդարացիորեն բերեց որոշակի իրարանցում. «Գիշերը 1:30-ի սահմանում մեր դուռը թակեցին ոստիկանները: Նրանք պահանջեցին, որպեսզի ջնջեմ այդ գրառումը: Ես էլ պատասխանեցի, որ իրենց ասածը կընդունեմ ի գիտություն: Բնականաբար չջնջեցի: Ավելի ուշ, պահանջեցին, որ հենց իրենց աչքի առաջ ջնջեմ, իսկ նման պահվածքն արդեն անօրինական է՝ նկատի ունենալով նաև ծանուցման բացակայությունը: Ես ընդունում եմ, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ իմ ազատությունները սահմանափակվում են, բայց պետությունը պետք է հասկանա, որ այդ սահմանափակումներն իրենց հերթին ևս ունեն սահմաններ»:
Նա նշեց, որ ի պաշտոնե ինքն այնքան էլ անպաշտպան չէ, բայց, եթե մեկ ուրիշի հետ նման բան պատահի, գուցե չկարողանան իրենց պաշտպանել. «Իրական պայքաը պետք է լինի ոչ թե մեր հաշվին, մեզ հետ, այլ իրական խնդիրների հետ, օրինակ հասարակական տրանսպորտում հիգիենան ապահովելը: Մեր երիտասարդ իշխանությունները սխալ առաջնահերթություններ են գծել»:
Խզմալյանը գրառումը ջնջել է ավելի ուշ, քանի որ այդ մասին իրեն խնդրել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, նաև ԱԺ պատգամավոր:
Հարցին, թե այնուամենայնիվ կբախվենք խոսքի ազատության խնդիրների հետ, նա պատասխանեց, որ չի բացառում նման իրավիճակների կրկնվելը. «Ցանկացած ազատություն բխում է պատասխանատվությունից: Ես գիտակցում եմ իմ քայլերի պատասխանատվությունը, սակայն պատասխանատվությունը երկբևեռ է: Չի կարող քաղաքացին լինի պատասխանատու, իսկ պետությունը՝ ոչ: Երեկվա պատահարը անպատասխանատվության և տհասության դրսևորում էր: Ես ընդունեցի ներողությունը, քանի որ պետության ներկայացուցիչները հասկացան՝ դա զավեշտ և անհեթեթություն է: Քաղաքացին չպետք է լինի նման հարձակումների թիրախ: Երկուստեք պետք է լինեն ավելի պատասխանատու, հարգենք ազատությունը և անձնական արժանապատվությունը»: