Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողներին ծնողներին հարազատներին, բարեկամներին։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը․
«Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները' ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն' համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա:
ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:
Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.
Անհարկի չմիջամտել համաճարակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարության և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցառումներին,
Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վարակակիր քաղաքացիների հետ բացառելուն,
Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:
Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների' վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել' զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:
Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն' հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:
Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը:
Առողջություն եմ մաղթում բոլորիս»: